«Շատ հուսալքված էի, երբ Արան ուղարկեց այս երգը». Սոնան բացահայտում է իր և Արա Մարտիրոսյանի զուգերգի գլխավոր ինտրիգը

 

 

 

 

 

 

«Շատ հուսալքված էի, երբ Արան ուղարկեց այս երգը». Սոնան բացահայտում է իր և Արա Մարտիրոսյանի զուգերգի գլխավոր ինտրիգը

 

Արա Մարտիրոսյան և Սոնա երաժշտական զույգին հանդիսատեսն առաջին անգամ լսելու հնարավորություն կունենա մի քանի օրից, թեև գործընկերները վաղուց էին ցանկանում զուգերգ ներկայացնել։ Երգիչների առաջին համագործակցության արդյունքում ծնված նոր երգը հասուն սիրո մասին է։ Երաժշտությունը գրել է Արա Մարտիրոսյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է «ԿարենՍևակ» փրոդաքշընը։

 

զրույցում Արան և Սոնան խոսել են նոր աշխատանքի մասին։ Թեև Արան ցանկանում էր պահել գլխավոր ինտրիգը, որ ստեղծվել  է երգի շուրջ` ինչ լեզվով է լինելու այն, Սոնան բացահայտեց, որ սպասվում է ռուսերեն երգ, թեև ինքը շատ էր ցանկանում երգել հայերեն։

 

«Այս թեմայի շուրջ կատակում էի, որ պետք է սկզբում չինարենով երգենք:) Իրականում երգը ռուսերեն է։ Արան ուզում էր ռուսերեն երգ ներկայացնենք, և զարմանում էր, որ ես առաջին անգամ ասում էի` հայերեն երգենք։ Որոշեցինք այս անգամ  ռուսերեն երգել, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։ Եթե ստացվի, կարելի է շարունակել այս տանդեմը։ Գնահատողը հանդիսատեսն է, տեսնենք ինչ արձագանք կունենա երգը,– ասաց Սոնան ու հավելեց, որ Ավետը շատ գեղեցիկ խոսքեր է գրել իրենց համար,– Երգի բառերը շատ կարևոր են։ Պետք է քո տարիքին ու փորձին համապատասխան երգ երգես»։

 

 

Արան և Սոնան պատմեցին, որ համագործակցության մասին վաղուց էին մտածում, սակայն ամեն անգամ ինչ–որ բան հետաձգվում էր։ Սոնան վստահություն հայտնեց, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այս երգի ծնունդն էլ պատահական չէր։ Սոնան պատմեց, թե ինչ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա երգը, երբ առաջին անգամ լսել է այն։

 

«Երբ Արան ինձ ուղարկեց այս երգը, ես շատ անտրամադիր ու հուսալքված էի։ Կյանքն  այդպիսին է` մի օր  ոգևորված ես, մի օր  հուսալքված։ Մտածում էի` ինչ երաժշտություն ենք երգում, գուցե, մենք ենք սխալ, միաժամանակ, հասկանում էի, որ ես չեմ կարող ինձ դավաճանել։ Պետք է անեմ այն, ինչ ինձ դուր է գալիս, եթե ինձ դուր չգա, ես չսիրեմ գործը, հանդիսատեսն ինչպե՞ս կսիրի։ Առանց այդ էլ ջազային ուղղությունը մի փոքր թողել եմ և գնացել դեպի լավ իմաստով կոմերցիոն երաժշտություն, որպեսզի աշխատանքս ավելի լայն շրջանակի համար հասանելի  լինի։ Երբ Արան ուղարկեց դաշնամուրով նվագած երգը, ոգևորությունս սահմաններ չուներ։ Հետո Արային ասացի` չես պատկերացնում, թե  ինչ վատ էի այդ օրը, մեկ էլ ուղարկում ես երգը։ Այդ պահին հասկացա, որ ոչինչ զուր չէ։ Աստված այս նշանները հենց այսպես չի տալիս»,– պատմեց Սոնան ու նկատեց, որ ինքն ու Արան իրար շատ մոտ են տեմբրային առումով, համատեղ ներկայանալու մասին ոչ միայն իրենք էին մտածում, այլև գործընկերներն էին հաճախ հորդորում։

 

 

«Ելնելով մեր ձայնային տվյալներից, երաժշտական նախընտրություններից, ստեղծվեց այս երգը, որը նախ հանդիսատեսին կներկայացնենք  աուդիո տարբերակով, հետո` տեսահոլովակով»,– ասաց Արան ու հավելեց, որ տեսահոլովակի ռեժիսորը լինելու է Արեն Բայադյանը։ Երաժշտական զույգը նախատեսում է տեսահոլովակ նկարահանել մայիսի սկզբին, հուսով են`  մայիսի կեսին այն հանդիսատեսի դատին հանձնելու հնարավորություն կունենան։

 

Արայից հետաքրքրվեցինք, թե ինչ սյուժե է ունենալու տեսահոլովակը։ «Երգը սիրո մասին է, տեսահոլովակն էլ սեր կներկայացնի, սակայն Արենը դեռ չի ներկայացրել, թե ինչ սցենարով է  պատկերացնում տեսահոլովակը։ Շուտով Սոնան կգա Հայաստան, և մենք կքննարկենք  սցենարը»,– ասաց երգիչը։

Be the first to comment on "«Շատ հուսալքված էի, երբ Արան ուղարկեց այս երգը». Սոնան բացահայտում է իր և Արա Մարտիրոսյանի զուգերգի գլխավոր ինտրիգը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ