Կարևոր տեղեկատվություն. Արտերկում գտնվող ՀՀ քաղաքացիներին. Համաներում նրանց համար, ովքեր չեն ծառայել…..

Զինծառայության մասին օրենքը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած փոփոխությունները, անասկած, չպետք է դիտարկել ներքաղաքական համատեքստից դուրս, որը Հայաստանում ձեւավորվել է քաղաքական իշխանափոխությունից մի քանի ամիս առաջ: Բանակի թեման, սակայն, առնչվում է բոլոր քաղաքացիներին ու ընտանիքներին եւ այն ավելի լայն է, քան ներքաղաքական տարաձայնությունները:Երկար տարիներ փորձել են բանակային թեմաները հանրային քննարկման չդնել՝ թաքնվելով հայրենասիրության ու բանակի սրբության պատկերացման հետեւում: Բանակն իրոք սուրբ է, որովհետեւ այնտեղ մեր տղամարդիկ են, ովքեր պաշտպանում են մեր հողն ու անվտանգությունը: Սակայն բանակը սուրբ կով չէ, այլ յուրատեսակ պետություն պետության մեջ, որն ապրում է այլ օրենքներով ու կանոններով, որոնք հաճախ հակասության մեջ են քաղաքացիական կյանքի հետ:Պարտադիր զինծառայությունը, բանակում իշխող խորհրդային-գողական կարգերը, ռազմական հակամարտության առկայությունը եւ զինծառայության բարձր ռիսկերը հանգեցրել են նրան, որ Հայաստանի հանրության մի մեծ շերտ չի ցանկանում ծառայել եւ հանուն դրա շատ բանի է պատրաստ: Ընդունված է աչք փակել նման խնդիրների վրա, սակայն հազարավոր մարդիկ իրենց տղաներին դպրոցական տարիքից դուրս են բերում Հայաստանից:Այդ երեխաներն օտար երկրում եմ մեծանում, առանց նորմալ կարգավիճակի՝ հնարավորություն չունենալով Հայաստան վերադառնալ, որտեղ նրանց կամ բանակ կուղարկեն, կամ էլ կազատազրկեն դասալքության համար: 27 տարեկանը լրանալուց հետո նրանք կարող են վերադառնալ, տուգանք վճարել ու զինգրքույկ ստանալ: Նրանք, ովքեր չեն կարող վճարել, ամբողջ կյանքում պանդուխտ են մնում:Իհարկե, կարելի է դատել ծնողներին, որոնք չեն ցանկացել ռիսկի ենթարկել իրենց երեխաներին ու նրանց հավերժ պանդխտության են մատնել: Կարելի է նաեւ երիտասարդներին դատել, որոնք տուն չեն վերադարձել ու չեն ծառայել իրենց համադասարանցիների ու հարեւանների հետ: Սակայն չէ՞ որ ինչ-որ մեկը թույլ է տվել, որ այսպիսի վիճակ ստեղծվի, ինչ-որ մեկը կուտակել է այս խնդիրները եւ հիմա պետք է լուծել հազարավոր մարդկանց հարցը, որոնք չեն ծառայել, սակայն ցանկանում են ու չեն կարողանում հայրենիք վերադառնալ:Այս խնդիրն ուղիղ կապված է արտագաղթի հետ եւ մարդկանց հեռանալու ու չվերադառնալու գլխավոր պատճառներից մեկն է: Դրա լուծման համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ եւ ոչ միայն գումարային հարցեր, թե ով որքան կվճարի:Պատահական չէ, որ այս խնդիրը զուգահեռաբար քննարկվում է հայրենադարձության ռազմավարության մշակման հետ: Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ժողովրդագրության հարցերով: Մի՞թե հնարավոր կլինի հայրենադարձություն կազմակերպել առանց բանակից խուսափածների հարցը լուծելու, որոնք չեն կարողանում վերադառնալ:Բազմաթիվ լուծումներ կարող են լինել: Շատերը համաներման են սպասում: Իհարկե, անարդար է եւ վիրավորական նրանց համար, ովքեր ծառայել են, սակայն համաներումը միշտ է անարդար: Երբեմն պարզապես այլ ճանապարհ չի մնում, պետք է ինչ-որ պահի զրոյացնել իրավիճակը:Ակնհայտ է, որ այս խնդրից բացի հանրությունն ու պետությունը պետք է մեկ այլ կարեւոր խնդիր էլ լուծեն: Խոսքը պատերազմող բանակի շարքերը համալրելու մասին է: Ժողովրդագրական խնդիրները հանգեցրել են նրան, որ բանակի համալրումը խնդրահարույց է դարձել, եւ այդ խնդիրը նույնպես չպետք է քողարկվի: Այլ երկրներում այդ խնդիրը փորձում են լուծել տեխնիկական հագեցվածության, մարդուն տեխնիկական միջոցներով փոխարինելով: Մեր բանակը նույնպես դրա կարիքն ունի, սակայն առանց մարդկանց էլ հնարավոր չի լինի:Այս խնդիրները, որոնք մեր բոլորինն են, պետք է լուծել ներիշխանական տարաձայնություններից դուրս: Մենք ենք ծառայում բանակում, մենք չենք կարողանում տուն վերադառնալ, որովհետեւ չենք ցանկացել ծառայել: Մենք պետք է որոշենք ինչպես անել, որ սահմանները պաշտպանված լինեն եւ պարտքը կատարելով կարողանանք խաղաղ ու հանգիստ ապրել:

 

աղբյուր՝  lragir.am

Be the first to comment on "Կարևոր տեղեկատվություն. Արտերկում գտնվող ՀՀ քաղաքացիներին. Համաներում նրանց համար, ովքեր չեն ծառայել….."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ