Արամ Mp3-ը բացահայտում է Իվան Ուրգանտի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասները

Արամ Mp3-ը բացահայտում է Իվան Ուրգանտի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասները

Արամ Mp3-ի և Գարիկ Պապոյանի «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումն արդեն երկու անգամ եթեր է հեռարձակվել, և այս թողարկումներն աչքի են ընկել հայտնի հյուրերով, երաժշտական կատարումներով ու հետաքրքիր ռեպորտաժներով։ Ամբողջ աշխարհում հայտնի երեկոյան շոուի ֆորմատով արված այս հաղորդումը հավակնում է դառնալ հայկական հեռուստաեթերի ժամանցային ոլորտի ամենահայտնի ու սիրված ծրագրերից մեկը։ Արդյո՞ք Արամին ու Գարիկին կհաջողվի հաղորդման որակն ու նշաձողը պահել բարձունքում, և ի՞նչ հյուրեր ու անակնկալներ են սպասվում առաջիկայում. այս և այլ հետաքրքիր մանրամասների շուրջ BlogNews.am-ը զրուցել է երգիչ, հումորիստ Արամ Mp3-ի հետ։

«Հաղորդման հաջողության գրավականը կախված է նշաձողը բարձր պահելուց։ Բոլորս էլ գիտակցում ենք դա ու փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի որակն աստիճանաբար բարձրացնենք։ Ոչ ոքին ձեռնտու չէ նշաձողն իջեցնել, հակառակ դեպքում ուղղակի չէինք ստանձնի այս աշխատանքը»,- ասաց Արամը։

Նրա խոսքով՝ այս օրերին բազմաթիվ կարծիքներ ու արձագանքներ են հնչել հաղորդման մասին, և մեծ մասը դրական են արտահայտվել՝ ասելով, որ իրենց դուր է եկել ծրագիրը. «Ֆորմատն այնքանով է հետաքրքիր, որ կարելի է դրանում ներառել ցանկացած բան՝ երաժշտականից, հումորայինից սկսած մինչև հետաքրքիր հարցազրույցներ՝ ներգրավելով հյուրերի։ Նման ծրագիր անհրաժեշտ էր, որ լիներ մեր եթերում, և լավ է, որ եղավ։ Կարող եմ ասել, որ արդեն սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Բնականաբար, մենք դեռ նոր ենք սկսել և ամեն հաղորդմանը պետք է ավելի ու ավելի կատարելագործվենք։ Կարևորը՝ բոլորի մոտ դրական տրամադրվածություն լինի։ Կան որոշ բաներ, որոնք տարբեր հեռուստահարթակներ թույլ չեն տվել իրականացնել՝ ֆորմատից ելնելով, իսկ այստեղ հնարավոր է իրականացնել գրեթե ամեն ինչ, մենք էլ փորձում ենք անել հնարավորը, որպեսզի հետաքրքիր լինի»։

Նախորդ երկու հաղորդումների ընթացքում «Լավ երեկո»-ին հյուրընկալվել են «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Մարկուս Միլլերը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դերասան Հայկ Մարությանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Արամն ասում է՝ փորձում են այնպես անել, որ հյուրերն իրենց հնարավորինս ազատ ու անկաշկանդ զգան. երեկոյան շոուի ֆորմատն է այդպիսին. «Ջերմ ընտանեկան մթնոլորտ, որտեղ կարող ես խոսել, խաղալ, հումորներ անել, երգել, և այլն։ Այդպես եղավ Նիկոլ Փաշինյանի դեպքում, և այդ թողարկումը շատ սիրվեց հանրության կողմից։ Շատ ուրախ եմ դրա համար»,- անկեղծացավ Արամը։

Ըստ նրա՝ հաղորդման մեծ մասն իմպրովիզ է, և դա է ամենակարևորն ու գնահատվողն այս ֆորմատի դեպքում. «Չես կարող կանխագուշակել, թե ինչ կասի հյուրն այդ պահին, որպեսզի կարողանաս նախապես պատրաստվել։ Այսքան ժամանակ մեր բոլոր հյուրերը կարողացել են հաղթահարել դրված խնդիրը, շատ լավ հումորի զգացում ունեն»,- ասում է նա։

 

«Լավ երեկո»-ի ամենահետաքրքիր հատվածներից էին ռուս շոումեն Իվան Ուրգանտի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման տեսարանները։ Արամի խոսքով՝ Ուրգանտի հետ հանդիպելու համար նախապես են պայմանավորվել, ապա մեկնել Մոսկվա և իրականացրել նկարահանումները։ Իսկ վարչապետի հետ հանդիպումը մոնտաժի արդյունք է պարզապես. «Ուրախ եմ, որ շատերը մտածում են, թե նման հանդիպում իրականում տեղի է ունեցել, բայց դա մեր սցենարիստների և մոնտաժողների աշխատանքի արդյունքն է։ Այդ կադրը վերցրել ենք վարչապետի աշխատանքային հանդիպումներից մեկի տեսանյութից, որը տարածված է համացանցում։

Իսկ Ուրգանտի խոսքը սարկազմ էր իրականում, որի հիմքում երեկոյան շոուի ֆորմատի մասին հետևյալ միտքն էր. այնպես չէ, որ մենք հեծանիվ ենք հորինել, ոչ էլ Ուրգանտն ու մյուսներն են հորինել, դա աշխարհում տարածված ֆորմատ է։ Մի խոսքով՝ շատ մարդկանց հարցերի պատասխանը տվեցինք նախապես։ Տվյալ դեպքում մենք ֆորմատը վերցրել ենք ու տեղայնացրել՝ մեր երկրին ու մեր մտածելակերպին համապատասխան»,- ընդգծեց Արամը։

Առաջիկայում սպասվում են նոր, հետաքրքիր հյուրեր ու անակնկալներ։ Ցանկացած հետաքրքիր հյուր, որ տվյալ պահին նույնիսկ մեկ օրով գտնվում է քաղաքում, Արամն ու Գարիկը փորձելու են բաց չթողնել. «Մենք այնքան ազատ ենք այդ հարցում, որ կարողանում ենք արտահերթ նկարահանում անել, եթե նա կարևոր է մեզ համար։ Այդպես եղավ Մարկուս Միլլերի դեպքում։ Մենք նրանց հետ կապվում ենք նախապես, որպեսզի իրենց օրակարգում ներառեն նաև Հանրային հեռուստաընկերություն գալն ու մեր հաղորդմանը մասնակցելը։ Այսքան ժամանակ, համենայն դեպս, մերժում չենք ունեցել, բոլորն էլ մեծ սիրով համաձայնել են»,- նշեց Արամը։

Հավելենք, որ «Լավ երեկո» հաղորդաշարը կարող եք դիտել յուրաքանչյուր ուրբաթ՝  «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո:

Նյութը՝ Աստղիկ Իսկանդարյանի

Be the first to comment on "Արամ Mp3-ը բացահայտում է Իվան Ուրգանտի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ